“Book Descriptions: - Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ հարցրել եմ ես ինձ, թե ի՞նչ է, վերջապես -Նաիրին: ուցե քեզ տարօրինակ թվա այս հարցը, սիրելի ընթերցող: Բայց դա նույնքան է բնական, որքան այն հարցը, թե ո՞վ ենք մենք, վերջապես -նաիրցիներս: Ի՞նչ ենք մենք եւ ո՞ւր ենք գնում: Ի՞նչ ենք եղել երեկ եւ ի՞նչ պիտի լինենք վաղը:
Ամեն, ամեն անգամ, երբ նման հարցերը կերել են սիրտս,- մեկը, մի ուրիշը կարծես, ուրվականի նման ելնելով օրերից, օրերի մշուշից, տվել է ուղեղիս չարախինդ մի հարց.- «Չէ՞ր կարելի արդյոք տեսնել մարմնավոր, պատկերացնել հաստատ երկիրը Նաիրի: Նու, թեկուզ հենց իրենց՝ նաիրցիների կյանքում, կենցաղում: Շոշափել այդ երեւույթը - նաիրյանը - սրտով, շոշափել մարմնավոր, պատկերել երկրային... ուցե սուտ է Նաիրին, Նաիրին - չկա... ուցե - հուշ է միայն,- ֆիկցիա, միֆ:- Ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն...»:
Սիրելի ընթերցո՛ղ, թողնում եմ, որ դու... այո, դու - գտնես Նաիրին: Սույն այս իմ պոեմանման վեպում կանցնեն աչքերիդ առաջով բազմաթիվ նաիրցիներ. սիրի՛ր, որին կուզես, գտի՛ր, ում որ սրտում կամ հոգում կամենաս, երկիրը Նաիրի:
Իսկ եթե, բան է, չգտար-ների՛ր, սիրելիս, ես չեմ մեղավորը... ուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին. ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն... Իսկ նրա փոխարեն - կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, եւ այդ հին երկրում ապրել են երեկ եւ ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով: Եվ ուրիշ - ոչինչ: Ոչ մի «Երկիր Նաիրի» - այլ միայն - մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, որ հիմա դարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1917-ից առաջ ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ռուսական Իմպերիայի մի հետամնաց ծայրամասը - եւ ուրիշ ոչինչ... Ուրիշ ոչինչ:
Մնացածը - վեպում: ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ Մոսկվա. 1921. հոկտեմբեր” DRIVE